Ամանորյա բարեմաղթանքները տարբեր երկրներից

d0b7d0b0d0b3d180d183d0b6d0b5d0bdd0bdd0bed0b5

Նոր տարին սպասված ու սիրված տոն է: Այն եզակի տոներից, որին անհամբերությամբ են սպասում ամբողջ աշխարհում: Տարբեր ժողովուրդներ տարբեր ավանդույթներ ունեն` կապված տոնի հետ, սակայն բովանդակային առումով դրանք նման են: Հայաստանում Ամանորը հունվարի 1-ին նշելու ավանդույթը ընդհանրացել է ոչ վաղ անցյալում, իսկ մինչ այդ, Նոր տարվան զուգահեռ, ավելի խանդավառ ու ջերմորեն նշվում էր Նավասարդը: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, տոնի նախապատրաստման ընթացքում առանձնակի կարևորություն է տրվում բնակարանի մաքրությանը. հնարավորինս դուրս են նետվում անպետք իրերը, լվացվում ու մաքրվում են ամանեղենն ու սպիտակեղենը: Բնակարանը հարդարվում է, զարդարվում: Նախկինում զարդարանքները ոչ միայն գեղագիտական նշանակություն ունեին, այլև` չարխափան ու բարեբեր, և Նոր տարվա հետ հմայում, հեռացնում էին բոլոր չարիքները: Սովորույթի համաձայն` ընտանիքի բոլոր անդամները լողանում են, հագնում տոնական հագուստ, ցանկալի է` նոր:

Նման սովորույթներ կան աշխարհի տարբեր երկրներում: Օրինակ` Իտալիայում նույնպես կարծում են, որ Նոր տարին պետք է դիմավորել` ազատվելով հին իրերից, վատ ու տխուր հիշողություններից: Իտալացիները պահպանել են դեկտեմբերի 31-ի գիշերը պատուհանից հին իրերը դուրս նետելու սովորույթը: Ընդհանրապես Եվրոպայի շատ երկրներում կա հնուց ձևավորված «առաջին օրվա մոգություն» կոչվող մի սովորույթ, որի համաձայն տարվա առաջին օրվա պահվածքով որոշում են, թե ինչ է սպասվում տվյալ մարդուն գալիք տարում: Այդ պատճառով բոլորն այդ օրը նոր շորեր են հագնում և աշխատում պարտք չվերցնել: Շատ երկրներում կեսգիշերին երազանք են պահում` հավատալով գալիք տարում դրանց իրականացմանը: Իսպանիայում, Պորտուգալիայում և եվրոպական այլ երկրներում խաղողի վազը հնուց համարվում է ընտանեկան երջանկության, սիրո և օջախի խորհրդանիշ: Այստեղ տարեմուտի գիշերը` ժամացույցի վերջին տասներկու զանգերի հետ, տասներկու հատիկ խաղող են ուտում և գալիք տարվա բոլոր ամիսների համար երազանք պահում: Բելգիայում բոլոր ազգականները հավաքվում են տոնական սեղանի շուրջ, և բոլոր տներում երեք րոպե հանգցնում են լույսը` այդ ժամանակն անվանելով ամանորյա համբույրների րոպեներ, որոնց գաղտնիքը պահում է մթությունը: Շոտլանդիայում կարծում են, որ ով Ամանորին առաջինը մտնի իրենց տուն, նրանից է գալու եկող տարվա հաջողությունը: Ըստ հավատալիքների` մեծ հաջողություն է բերում թուխ մազերով տղամարդը, ով նաև նվերներ ունի: Այստեղ բուխարիում մեծ կրակ են վառում և տասներկու զանգերին սպասելիս ամբողջ ընտանիքով հավաքվում շուրջը: Տոնի ընթացքում ամենուր փոխանակվում են ողջույններով ու բարեմաղթանքներով, գրկում ու համբուրում են բոլոր բարեկամներին ու ազգականներին, կենացներ հնչեցնում` միմյանց մեծ երջանկություն և ուրախություն մաղթելով:

Ամանորը դիմավորելու բազմաթիվ հետաքրքիր սովորույթներ ձևավորվել են նաև մեզ մոտ, որոնցից շատերը մինչ օրս պահպանվում են և լայնորեն կիրառվում: Հայ գյուղացիներն Ամանորի գիշերը եկեղեցու զանգերի հետ բացում էին տան դուռը` հին տարվա չարքերը դուրս անելու և նոր տարվա բարիքներն ընդունելու համար: Առավոտյան դուռն առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի երկար տարիներ իր տնից անպակաս լիներ: Այդ օրն առհասարակ ծախս չէին անում և խուսափում էին մեկը մյուսին փոխ տալ` հատկապես թթխմոր և դրամ: Ամանորի նախօրեին ամենուր հաց էին թխում. եթե նույնիսկ մեծ քանակությամբ հաց ունենային, նոր տարին պետք էր նոր հացով սկսել: Նորոգում էին նաև թթխմորը: Ընթրիքից հետո` կեսգիշերին, երիտասարդները գնում էին թարմ` Նոր տարվա սկզբի հետ նորոգված ջուր բերելու: Տան առատությունը ապահովելու համար վաղ առավոտյան նոր բերած ջուրը ցանում էին տան անկյուններում: Հացից ու ջրից զատ` նորոգվում էր նաև կրակը, քանի որ դեռևս քսաներորդ դարասկզբին օջախն էր տաքացնում տունը, և օջախի վրա էին կերակուր պատրաստում:

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, Նոր տարվա տոնական խնջույքն սկսվում է դեկտեմբերի 31-ի ընթրիքով: Այդ օրը հիմնականում այցելություններ չեն լինում, և ընթրիքի ժամանակ պարտադիր է ընտանիքի բոլոր անդամների ներկայությունը: Տան ավագը բարձրացնում է բաժակը և օրհնում սեղանը, շնորհավորում ընտանիքի անդամների Նոր տարին: Շատ տեղերում ընդունված է եղել առաջին բաժակի հետ մեղր համտեսելը, որպեսզի ամբողջ տարին քաղցր զրույցներ ունենան և միմյանց լավ վերաբերվեն:

Հնում Նոր տարվա գիշերը տան դուռը երբեք չէր փակվում, վաղ առավոտից սկսվում էին այցելությունները: Թե՛ տնեցիները, թե՛ այցելուները տուն էին մտնում առաջինը աջ ոտքը մտցնելով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին: Ամանորին բոլոր հյուրերը խիստ ցանկալի են: Այցելում են ազգի մեծերին, ծնողներին, խնամիներին, հարևաններին, քավորին, նախկինում նաև` քահանային և համայնքի ղեկավարին:

Տոնի գլխավոր նախապատրաստությունները ուտեստների շուրջ են: Տոնական ճաշատեսակների ընտրությունը խոսում է տարբեր ազգերի սովորույթների ու հավատալիքների, նրանց ազգային մտածելակերպի մասին: Իտալիայում, օրինակ, Ամանորի սեղանին պարտադիր մատուցում են խաղող, ընկույզ, ոսպ, որոնք առատության, երկարակեցության և բարեկեցության խորհրդանիշ են, իսկ Միացյալ Նահանգներում ընդունված է վերջին տասներկու զանգերը հնչելու ժամանակ խոզապուխտի հետ ուտել սիսեռ և բակլա, ինչքան շատ` այնքան լավ, քանի որ դա երջանկություն, հարստություն և առատություն է բերում: Այստեղ ավանդական տոնական ուտեստը տարբեր միջուկներով լցոնած հնդկահավն է: Գերմանիայում ճաշատեսակները մատուցում են զարդարված խնձորով, ընկույզով ու չամիչով: Խնձորը բարու և չարի հակասության ընդունումն է, իսկ ընկույզը` համեղ միջուկով և ամուր կեղևով, խորհրդանշում է կյանքի գաղտնիքներն ու դժվարությունները: Անգլիայում այդ օրը քաղցրակուտապ են ուտում և լցոնած հնդկահավ` բանջարեղենային սոուսով: Ֆրանսիայում Նոր տարվա և Սուրբ ծննդի սեղանին միշտ տապակած կամ սպիտակ գինով եփած հնդկահավ կա, իսկ Ավստրիայում Ամանորի սեղանին բադի, սագի, հավի կամ հնդկահավի մսից պատրաստված ճաշատեսակներ չեն մատուցվում: Որոշ նախապաշարմունքների համաձայն` այս երեկո թռչնի միս ուտել չի կարելի, քանի որ հաջողությունը երես կթեքի: Լեհաստանում և Ուկրաինայում տոնական ընթրիքի ժամանակ մատուցում են տասներկու տեսակի կերակուր. այստեղ ավանդական են համարվում առանց մսի ճաշատեսակները: Ճապոնիայում Ամանորը դիմավորում են շատ զուսպ` առանց ավելորդ ուրախությունների: Այստեղ ըստ հավատալիքների` գալիք տարում ուրախություն է բերում ծովային կաղամբը: Բակլան և սիսեռը Նոր տարվա սեղանին առողջության խորհրդանիշն են, խաշած ձուկը` հանգստության և ոգու ամրության, խավիարը` երջանիկ ընտանիքի և շատ երեխաներ ունենալու:

Նոր տարվա համար պատրաստվող ուտեստների տեսականին և դրանց ծիսական բնույթն ընդհանուր առմամբ նույնն են եղել հայոց շատ ազգագավառների համար, սակայն դրանք երբեմն տարբերվել են պատրաստման եղանակով, մատուցելու և ճաշակելու ժամանակով, անուններով: Ամանորի համար պատրաստվող ուտելիքներն ունեին չարը կանխարգելող, հմայող, հաջողություն ապահովող և գուշակություններ անելու միտումներ: Ձավարեղենը, ընդեղենը, բոլոր տեսակի հատիկները համարվում էին հմայող, հաջողություն բերող ուտելիքներ և ապահովում էին կյանքի հարատևությունն ու մշտնջենականությունը: Հատուկ խորհուրդ ունեին նաև մրգերի որոշ տեսակներ, մասնավորապես` խնձորը և նուռը: Այս մրգերի բեղմնավորման և առատացման զորության մասին պատկերացումները շատ տարածված էին, և դրանք ոչ միայն Նոր տարվա մրգեղենի անբաժանելի մասն էին, այլև պարտադիր էին այդ օրվա նվիրատվություններում, երբեմն` նաև գուշակություններում:

Չինաստանում Ամանորի նախաշեմին շատ կարևոր է մոռանալ բոլոր նեղվածությունները և նոր զգացումներով քայլել Նոր Տարուն ընդառաջ: Եվ Ամանորյա ընթրիքի ժամանակ ամենակարևոր ցանկությունների և բարեմաղթանքների թվում են ներողամտության ցանկությունները:

Հարևան Ճապոնիայում Նոր Տարվա առաջին օրվա լուսաբացին բոլորը դուրս են գալիս փողոց և ողջունում միմյանց Երիտասարդ տարվա գալուստի առթիվ: Բացի այդ, Ճապոնիայում ավանդույթ է Նոր Տարվա առաջին վայրկյանները դիմավորել խինդ ու ծիծաղով, որպեսզի հաջողությունը տարվա ընթացում ժպտա նաև ձեզ:

Տրոպիկական Բրազիլիայում նույնպես տարին դիմավորում են դրսում, սակայն երեկոյան Ատլանտիկ օվկիանոսի ափին` վառելով մոմեր և փոքր խարույկներ: Բրազիլացիները հիմնականում մաղթում են միմյանց երջանկություն:

Հնդկաստանում հնդիկները շնորհավորում են միմյանց ավանդական շքերթի և փառատոնի ժամանակ, մաղթում հիմնականում բարեկեցություն, երջանկություն և հաջողություն:

Իսկ օրինակ` Վիետնամում, առաջին հերթին շնորհավորում են տատիկներին և պապիկներին, հետո ծնողներին և նոր միայն մյուս ընտանիքի անդամներին կամ բարեկամներին: Տարվա գալուստի հիմնական շնորհավորանքներն են երկարակեցության և քաջ առողջության բարեմաղթանքները: Նվերները, իսկ ահա, նվիրում են միայն փոքրիկներին:

Հունաստանում հիմնականում առաջին շնորհավորանքների խոսքերը չար աչքից պահպանվելու և հարստության մասին են: Հյուրերը տան շեմի մոտ քարեր են նետում և մաղթում քարի ծանրության պես կշռարար հարստություն:

Մեծ Բրիտանիայում կարելի է հաճախ որպես Ամանորյա շնորհավորանք լսել ամուր և վստահելի ընկերներ ունենալու բարեմաղթանքներ:

Բուլղարիայում ավելի մտերմիկ ավանդույթներ են: Բացի երջանկության, հաջողության և առողջության բարեմաղթանքներից` այստեղ առաջնային է սիրո բարեմաղթանքը: Բուլղարիայում Ամանորի 12 զարկերից հետո համբուրվում են և մաղթում միմյանց սիրառատ տարի:

Բելգիայում բարեմաղթանքների թվում կարելի է լսել պահապան հրեշտակների զորության ցանկություններ:

Իռլանդիայում Ամանորի ամենատարածված բարեմաղթանքը համերաշխության ցանկությունն է` համերաշխություն ինչպես տանը, այնպես էլ աշխարհում:

Տարբեր շնորհավորանքների ավանդույթներն այս երկրներում ձևավորվել են պատմական իրադարձությունների, առասպելական մանրապատումների և կրոնական տեքստերի հիման վրա:

Ամանորի համեղ կողմը

Ամանորը տանը դիմավորելիս Ճապոնիայում, օրինակ, Ամանորյա սեղանին են դնում արիշտա: Եվ որքան երկար, այնքան լավ: Արիշտան ճապոնական Ամանորյա սեղանին խորհրդանշում է երկարակեցություն:

Իսկ Չինաստանում Ամանորյա ամենատարածված ուտեստը «յաի» անունը կրող բուսական ուտեստն է` համեմված բազմաթիվ համեմունքներով: Չինաստանում ընդունված է նաև Ամանորյա սեղանին դնել ձուկ, ամբողջական եփած կամ տապակած հավ` ի նշան ընտանիքի ամրության և բարեկեցության:

Գերմանիայում և Լեհաստանում սեղանին պարտադիր պետք է լինի ծովատառեխ: Գերմանացիները համոզված են, որ այն հաջողություն է բերում և ժամը 12-ի զարկերի հետ համընթաց համտեսում են ծովատառեխով պատրաստված ուտեստից` գալիք տարվա ընթացքում հաջողությունն ապահովելու համար:

Խմբրգ.` ի դեպ, Լեհաստանում պատրաստում են 12 Ամանորյա ուտեստ` աշխատելով չներառել ոչ մի մսային ուտեստ:

Անգլիայում, Ռումինիայում և Բուլղարիայում ընդունված է Ամանորյա մյուս ուտեստներից զատ դնել սեղանին նաև կարկանդակներ:

Միացյալ Նահանգներում, ասում են, միշտ պետք է Ամանորյա սեղանին դրված լինի կանաչիների հարուստ տեսականի, որպեսզի տարին լի լինի իրենց սիրելի «կանաչեղենով»` դոլարով:

Ֆիլիպինյան կղզիներում հետաքրքիր ավանդույթ կա: Ամանորյա սեղանին աշխատում են դնել տարբեր ազգերի Ամանորյա ուտեստներ, որպեսզի տարին կղզիների համար լեցուն լինի զբոսաշրջիկներով, ինչպես նաև տարրատեսակ ուտեստները, ըստ տեղացիների, խորհրդանշում են բազմակողմանի հաջողություն:

Դանիայում Ամանորյա սեղանին դնում են ձողաձուկ` ի նշան հարստության և բարեկեցության:Հոլանդիայում Ամանորյա սեղանին հատկապես մեծ է լինում քաղցրավենիքի տեսականին` գալիք տարին քաղցր համուհոտով համեմելու նպատակով:

Իսրայելում Ամանորին համտեսում են ձուկ, սիսեռ, կաղամբ, բազուկ:

Արտասահմանում, սակայն, առավել մեծ միտում է նկատվում Ամանորյա ժամանցային ծրագրերին ակտիվ մասնակցություն ունենալու մեջ:

Հայաստանում ևս զարգանում են Ամանորյա ժամանացային տեսակները: Աճում է Ամանորն ընտանիքի հետ միասին ժամանցային վայրերում, հանգստյան տներում դիմավորելու հաճախականությունը` հաջորդ օրերին, սակայն, քաղցրավենիքի տուփերի փոխանակման խիստ կանոնների ներքո պահպանելով «մեր տուն-ձեր տուն» ավանդույթը:

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике «Իսկ դուք գիտե՞ք»ուսումնական նախագիծ, Ամանոր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s