Դերենիկ Դեմիրճյան «Պույ-պույ մուկիկը»

Մի երկիր կա` Հնդստան,

Մի մուկիկ կար` ճստճստան,

Հնդստանի անտառում,

Կոկոս ծառի ծակուռում:

Ապրում էր նա իր համար,

Բարիքներում անհամար,

Ու մի օր լավ, մի օր վատ`

Ուներ ապրուստ քիչ թե շատ:

Օրը մի ճանճ, մի միջատ,

Մի ծեղ, արմատ, ցորնի հատ:

Ուտում էր ու քեֆ անում,

Խաղում, ապրում իր բնում:

Իր անունը Պույ-պույ էր,

Ազգանունը Ճստունի,

Լացը` վայ-վայ, վույ-վույ էր,

Երգը տարայ-նայ-նի-նի:

Էսպես մուկիկն ապրում էր,

Վազվզելով վար ու վեր,

Ու մի օր էլ ծանր ու մեծ

Իրեն-իրեն միտք արեց.

«Տունս կոկոս ծառի տակ,

Բերան չունե՞մ, թե՞ ճաշակ,

Ճանճ կերել եմ, ծեղ կերել,

Տեսնեմ կոկոսի համն էլ»:

Այս ասելն էր, մեկ էլ դո՜մփ,

Ծառից կոկոսն ինչպես բոմբ

Ընկավ նրա առաջին:-

Կոկո՜ս, կաղին չէ՜ չնչին:

Կաղնի տեսակ, սեխի չափ,

Միջուկն անու՜շ, յուղալի՜,

Բայց կեղևն է միայն հաստ,

Ահա ինչն է ցավալի…

Վրա ընկավ մուկիկը,

Բացեց իր սուր ճանկիկը,

Կծեց, կծեց, կծոտեց,

Բան դուրս չեկավ, չհաջողվե՜ց:

Ու կոկոսի չորս կողմը

Ման է գալիս Պույ-պույը,

Կեղևն հաստ է, ո՞նց անի,

Ու սկսեց վույ-վույը:

«Ախր ի՞նչ է, ի՞նչ կլի,

Տեսնեմ դրա համն էլի,

Մի քիչ կոկոս, մի քիչ ջուր,

Գոնե մի կում, մի պուճուր»:

Դու մի ասի, ընկնելուց

Ծակ էր բացվել կոկոսում,

Էդ որ տեսավ, հիմի էլ

Ծակից մտնել էր ուզում:

Բայց տեսեք ինչ պատահեց,

Ծակն էր պստիկ, ինքը մեծ,

Ծակիցը ներս չի մտնում,

Սովից էլ ուշքն է գնում,

Լաց է լինում մուկիկը,

Ո՞նց լաց չլնի մուկիկը…

Սիրտն ուրիշ բան չի ուզում,

Նայում է ու նվազում:

Էսպես լացեց, սուգ արեց,

Էնքան լացեց, սուգ արեց,

Հետն էլ սովից լղարեց:

Որ լղարեց, բարակեց,

Մեկ էլ ըհը, ճանճի պես

Ծակից մտավ, գնաց ներս:

Էս ի՞նչ էր, տո, ո՞նց եղավ,

Էս ծակից ո՞նց ներս մտավ,

Ո՞նց, այ, նայիր, էս մուկը,

Էս կոկոսն ու միջուկը:

Դե քեֆ արա, օխա՜յ, օխա՜յ,

Դե պար արի, տարա՜յ, նանա՜,

Դե, միջուկը կեր ու կրծիր,

Կե’ր միջուկը, հյութը խմի’ր:

Համ ուտում է, համ էլ պարում,

Համ պարում է, համ էլ երգում.

«Ինքս Պույ-պույ, պարս` տույտույ,

Էլ ի՞նչ վայ-վայ, էլ ի՞նչ վույ-վույ»:

Էսպես թռչում, ծափ էր տալիս,

Պար էր գալիս, ռանգի, յալլի,

Գոռում էր ջա՜ն, տարայ-նի-նի,

Այ թե քեֆը ինպես կլինի:

Էս որ էսպես կերավ մաքրեց,

Առաջ փոքր էր, հիմա տռզեց,

Տռզեց դարձավ խոշոր մի մուկ,

Ընկավ կողքին, քնեց խորունկ:

Մեկ օր անցավ, եկավ նոր օր,

Էհ, մուկիկը վեր կացավ, որ

Փուչ կոկոսի ծակից դուրս գա,

Ախր դուրսը գործ կա, տուն կա:

«Լավ էր, կերանք բավականին,

Հիմի գնանք մենք մեր բանին»:

Հեշտ էր ասել… Ապա՞ փորձիր,

Մի կոկոսի ծակից անցիր:

Մոտեցավ, որ ծակից դուրս գա,

Պահո՜… Տեսավ ճամփա չկա,

Ինքը խոշոր, ծակը պուճուր…

Այդ է, մնաց, բայց մնա ու՞ր…

Լաց է լինում մուկիկը,

Ո՞նց լաց չլինի մուկիկը:

Տռզել է կոկոսում,

Մնացել է նեղ փոսում:

«Ինչի՞ս էր պետք կոկոսը,

Լավ չէ՞ր իմ տուն, իմ փոսը,

Վայ, վայ, վայ, վայ, վույ, վույ, վույ,

Հիմի տե՜ղն է, քեզ, Պույ-պույ:

Ախր ի՜նչ բան ունեիր,

Գայիր կոկոս ուտեիր,

Չոռ ուտեիր` լավ չէ՞ր, հը՞,

Ցավ ուտեիր, լավ չէ՞ր, հը՞…

Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,-զահրումա՜ր,

Դե լաց, մնա քեզ համար»:

Էսպես լացեց մուկիկը,

Էնքան լացեց մուկիկը,

Հետն էլ սովից լղարեց:

Որ լղարեց, բարակեց,

Մեկ էլ ըհը, սուս ու փուս

Ծակից նորից ելավ դուրս:

Վա’հ, էս ի՞նչ էր, էս ո՞նց եղավ,

Բա էս ծակից ո՞նց դուրս եկավ,

Ո՞նց… Այ, նայիր, էս ես` մուկը,

Էն` կոկոսը, էն` միջուկը:

Տեսա՞ր լավ բան, կեցցե՜ս, Պույ-պույ,

Տո էլ ի՞նչ «վայ», էլ ի՞նչ «վույ-վույ»,

Տո՛, քե’ֆ արա, օխա՛յ, օխա՛յ,

Դե պա’ր արի, տարա՜յ-նի-նա՜յ…

Հա՛մ թռչում է, հա՛մ պարում է,

Հա՛մ երգում է, հա՛մ կանչում է,

Ջա՜ն, քեֆ արա, տարայ-նի-նի՜.

Ա՜յ թե քեֆը ինչպես կլինի:

Реклама

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ընթերցարան. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Դերենիկ Դեմիրճյան «Պույ-պույ մուկիկը»»

  1. Уведомление: Առաջադրանք | 2․1 դասարանի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s